Կառավարության անփույթ վերաբերմունքն իր իսկ ներկայացրած օրինագծերի նկատմամբ անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Պատգամավորին զայրացրել էր Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի բացակայությունը «Բնապահպանական վերահսկողության մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

«Բնապահպանության նախարարությունն անգամ հարկ չի համարում ներկա գտնվել դահլիճում, երբ քննարկվում է նման օրինագիծ: Սա ի՞նչ վերաբերմունք է, չեմ հասկանում: Անցնում են բոլոր բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի նորմերը: Այսպես, հարգելի պատգամավորներ եւ անհարգելի կառավարություն, անհարգելի, որովհետեւ հարկ չեն համարում ներկա գտնվել իրենց իսկ օրինագծերի քննարկմանը, բնապահպանական օրինագծերի նկատմամբ կառավարության վերաբերմունքը վկայում է, որ բնապահպանության նախարարությունը որպես առանձին գերատեսչություն կառավարությանը պետք չէ: Դրա փոխարեն կարելի է սահմանափակվել էկոնոմիկայի նախարարության կազմում բնապահպանական վարչությամբ: Միեւնույն է` բնապահպանության նախարարությունը հոգ է տանում ոչ թե բնության պահպանության, այլ տնտեսական զարգացման մասին»,- նշել է նա:

Նշենք, որ նախարարը դահլիճ է վերադարձել ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի ելույթի ժամանակ, եւ վերջինս այդ մասին հակադարձել է «Ժառանգության» պատգամավորին: