ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է խստացնեն Իրանի նկատմամբ ճնշումները, այդ թվում` նոր պատժամիջոցների կիրառմամբ: Նա այդ մասին ասել է երկուշաբթի օրը` նոյեմբերի 28-ին, Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Մենք համաձայն ենք, որ պետք է ուժեղացնել Իրանի նկատմամբ ճնշումը, որպեսզի նրան ստիպենք հրաժարվել միջուկային զենք ստեղծելուց... Եվ կատարել միջազգային պարտականությունները», - ԱՄՆ առաջնորդի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
«Газета.Ру».-ն գրում է, որ Բարաք Օբաման ԵՄ առաջնորդներին խոստացել է աջակցել ճգնաժամի դեմ պայքարի հարցում, բայց միաժամանակ Սպիտակ տունը բացառում է այդ նպատակի համար ամերիկյան հարկատուների փողերն օգտագործելը:
Հանդիպման արդյունքների մասին տարածված հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ-ն ողջունում է ԵՄ-ի պատրաստակամությունը «եվրագոտու ֆինանսական կայունությունը երաշխավորելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու եւ ճգնաժամը հաղթահարելու հարցում»:
Օբաման հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները:



























