2001-11թ.թ. Հայաստանում դեղերի կեղծման 43 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին այսօր` նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Դեղերի եւ բժշկական տեխնիկայի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:

Կեղծումների հիմնական մասը տեղի է ունեցել սննդային հավելումների մասով: Հատկապես տարածված են սեռական պոտենցիայի բարձրացմանն ուղղված դեղամիջոցների կեղծման դեպքերը, երբ դեղամիջոցին «ալիքապս» նյութն են խառնում ու վաճառում որպես «Վիագրա»: Նշենք, որ «Վիագրայի» հիմնական ազդող նյութը սիլդենաֆիլն է:

Հաճախակի են եղել նաեւ ամոքսացիլինի կեղծման դեպքերը: Սակայն, Հ. Թոփչյանի խոսքով, վերջին 3 տարում դեղերի կեղծման դեպքեր չեն արձանագրվել: Հայաստանը, ի տարբերություն այլ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի, իրականացնում է դեղերի որակի հսկողություն արդեն սահմանի վրա: Այսինքն` դեղի խմբաքանակը Հայաստան է մտնում միայն փորձագիտական եզրակացության հիման վրա: