Թեհրանում ցուցարարները գրավել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքը, հաղորդում է AFP-ն: Իրանի ոստիկանությունը սկզբում չի խոչընդոտել նրանց, այնուհետեւ փակել է դեսպանատան ճանապարհը: Այժմ փորձում են ձերբալկալել նրանց, ում այնուամենայնիվ հաջողվել է սողոսկել բրիտանական առաքելության տարածք:

Ըստ Reuters-ի` ցուցարարները ներխուժել են շինություն եւ պատուհանից նետել դեսպանատան փաստաթղթերը: Շենքի ներսում մի քանի տասնյակ մարդ կա:

Իրանական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հակաբրիտանական ցույցի ընթացքում բողոքողները քարկոծել են դեսպանատան շենքը, դյուրավառ պարունակությամբ շշեր նետել` կոտրելով մի քանի պատուհանների ապակիները: Նրանք նաեւ պատռել եւ այրել են բրիտանական դրոշը` տեղը դնելով Իրանինը:

Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի շրջակայքում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, ովքեր վանկարկում են`«Մահ Մեծ Բրիտանիային»  եւ պահանջում բրիտանական դեսպանի շուտափույթ հեռացումը:

Իրանում բողոքի ակցիաները կապված են Մեծ Բրիտանիայի կողմից Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունման հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Իրանի պահապանների խորհուրդը հավանության է արժանացրել  Մեծ Բրիտանիայի  դեսպան Դոմինիկ Չիլկոտին հետ ուղարկելու օրինագիծը` նրա փոխարեն թողնելով սոսկ ժամանակավոր հավատարմատարին: Բացի այդ, երկրի իշխանությունները որոշել են Լոնդոնի հետ գործնական եւ ֆինանսական հարաբերությունները հասցնել նվազագույնի: