Տարվա ընթացքում Հայաստանի մայրաքաղաք Երեւանում կյանքը թանկացել է: 2011թ. աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանշային ցանկում (Worldwide Cost of Living Survey 2011) Երեւանը երեք հորիզոնականով բարձրացել է` զբաղեցնելով 167-րդ տեղը:
2011թ. ամենաթանկ քաղաք է ճանաչվել Անգոլայի Լուանդան, ամենաէժանը` Պակիստանի Կարաչին:
ԱՊՀ երկրների մեջ ռուսական մայրաքաղաք Մոսկվան թանկության առումով առաջատարն է, իսկ ընդհանուր ցանկում այն 4-րդ տեղն է զբաղեցնում` զիջելով Տոկիոյին եւ Նջամենային (Չադ): Հինգերորդ տեղում Ժնեւն է:
Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենաթանկ քաղաքը կրկին Բաքուն է` 48-րդ տեղում: 70-րդ տեղում Ստամբուլն է, Թեհրանը 130-րդ տեղում է: Տարածաշրջանում ամենաէժան քաղաքը շարունակում է մնալ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին. այն ցանկում 191-րդն է:
Վարկանշային ցուցակը կազմելու համար Worldwide Cost of Living Survey-ը 214 քաղաքներում ուսումնասիրել է 200-ից ավելի ապրանքների եւ ծառայությունների գները, ներառյալ` վարձով բնակարանները, տրանսպորտը, սննդամթերքը, հագուստը, կենցաղային ապրանքները, ժամանցը: Ապրանքների եւ ծառայությունների փաթեթի համար որպես էտալոն ընդունվել են ԱՄՆ ամենաթանկ քաղաքի` Նյու Յորքի գները:




























