«Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը պետք է ներգրավել նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին: Այդ մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, հայտարարել է Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով, օրինագծի տեքստի վերաբերյալ պետք է քննարկումներ անցկացնել Վենետիկի հանձնաժողովի հետ:

Նշենք, որ ըստ առաջարկվող փոփոխությունների, նախատեսվում է չեղյալ հայտարարել կուսակցական գույքը որպես նվեր հանձնելու հնարավորությունը:

Բացի այդ, ինչպես եւ նախկինում, չի թույլատրվում կուսակցությունների ֆինանսավորումը օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների եւ քաղաքացիների, օտարերկրյա կապիտալով ընկերությունների կողմից: Եթե նախկինում նման ընկերություններում օտարերկրյա կապիտալի ներգրավվածության շեմը սահմանվում էր 25 տոկոս, ապա փոփոխություններով` 30 տոկոս:

Նոր սահմանափակում է դառնում ֆինանսավորման դիվերսիֆիկացումը: Ըստ օրինագծի, կուսակցությանը նվեր տրվող գումարները, գույքն ու ծառայությունները մեկ տարում չպետք է գերազանցեն նվազագույն աշխատավարձի միլիոներորդ մասը: Առեւտրային մեկ կազմակերպությունից կամ ֆիզիկական անձից թույլատրվում է նվիրատվություն ստանալ աշխատավարձի 10-հազարապատիկ, ոչ առեւտրային կազմակերպությունից` հազարապատիկ չափով: 100 հազար դրամից ավելի նվիրատվությունները չպետք է տրվեն կանխիկ:

Կուսակցությունները պետք է հրապարակեն ամենամյա ֆինանսական հաշվետվություններ, առանձին տողով նշելով նախընտրական արշավի ծախսերը: Այն կուսակցությունները, որոնց ակտիվները գերազանցում են 10 մլն դրամը, պետք է անկախ ֆինանսական աւոդիտ անցնեն: Նման պահանջ է ներկայացվելու նաեւ խորհրդարանական ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն ստացած կուսակցություններին: Պետությունը ֆինանսավորելու է այդ կուսակցություններին յուրաքանչյուր ձայնի համար աշխատավարձի 0,03 տոկոսի չափով:

Վերջին հանգամանքը հարուցել էր Ստեփան Սաֆարյանի զայրույթը, ով կարծիք հայտնեց, որ ժողովրդավարության գինն է դա` 30 դրամ ամեն ձայնի համար: Ի պատասխան պատգամավոր Արա Սիմոնյանը (Ազգային Միաբանություն կուսակցություն) հայտարարեց, թե յուրաքանչյուր ձայն իր համար անգին է:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե «Ժառանգությունը» պետությունից ստանալու է 4,8 միլիոն դրամ, ինչը բավարար է միայն կես տարով քաղաքի կենտրոնում փոքրիկ տարածք վարձակալելու համար: (Նշենք, որ «Ժառանգության» գրասենյակը 2-սենյականոց բնակարան է Մարտիրոս Սարյանի արձանի հարեւանությամբ գտնվող շենքում):

Անահիտ Բախշյանը նշեց, թե ֆինանսավորումը պետք է ոչ թե ուղղակի լինի, այլ հակառակը, որքան փոքր է կուսակցությունը, այնքան շատ ֆինանսավորում ստանա` բազմակուսակցականությունը խթանելու նպատակով:

Պատասխան խոսքում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ընդգծել էր, թե Հայաստանում քաղաքական բազմակարծությունը վարչական խթանների կարիք չի զգում: Անահիտ Բաշխյանը հակադարձեց, որ «Ժառանգության» ֆինանսավորման աղբյուրները սահմանափակվում են հնարավոր բոլոր միջոցներով: «Դուք ասում եք հավասար հնարավորություններ: Բայց որքան կան գործարարներ, որ ընդունվում են կուսակցությունների շարքերը: Եւ որ գործարարը կանդամակցի մեզ` իմանալով, թե ինչ է սպասվում իրեն: Մենք մեկ գործարար ունենք: Մեկ: Եւ նրան դառը ճակատագիր է բաժին հասել, անընդհատ ստուգումներ, հարկայինի այցեր Ինչո՞ւ»,- աձանագրել է Անահիտ Բախշյանը: