Վրաստանը փորձում է կարգավորել Վերին Լարս անցակետում ստեղծված իրավիճակը, երբ առատ ձյան պատճառով հայկական բեռնատարները չեն կարողանում հատել ռուս-վրացական սահմանը: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան` ընդգծելով, որ ստեղծված իրադրությունը պայմանավորված է բնակլիմայական բարդ պայմաններով:
Նախարարի խոսքով, ներկա փուլում ռուս-վրացական սահմանի այդ հատվածում կուտակվել է 200 ավտոմեքենա: «Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի կարճ ժամկետներում լուծենք խնդիրը», Կոբալիայի խոսքերը մեջբերում է «Նովոստի Գրուզիան»:
Նշենք նաեւ, որ Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ով նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում գտնվում էր Վրաստանում, այսօր` նոյեմբերի 29-ին, քննարկել է խնդիրը իր վրաց գործընկերոջ հետ: Հանդիպման արդյունքներից ելնելով` Վարդանյանը լրագրողներին հայտնել է, որ Վրաստանի նախագահը կարգադրել է անմիջապես, հենց եղանակային պայմանները թույլ տան, կազմակերպել ավտոմեքենաների անցումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ նոյեմբերի 12-ից վրացական իշխանությունները առանց պաշտոնական հայտարարության մասնակիորեն արգելակել էր Ռուսաստանից ուղեւորվող մի շարք ավտոմեքենաների անցումը: Արդյունքում ռուս-վրացական սահմանի վրա շուրջ հարյուր բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել: Այդ բեռնատարների մեծ մասը ուղեւորվում էր Հայաստան, եւ դա միակ ճանապարհն է Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ չթույլատրելով տրանսպորտի հիմնական մասի անցումը` վրաց սահմանապահները բացառություններ են անում առանձին բեռնատարերի համար, ինչը առանձնակի դժգոհություն է առաջացնում: Գերատեսչությունում նաեւ շեշտել են, որ Վրաստանի Ռուսաստան ավտոմեքենաների անցումը չի արգելակվել:



























