Հայաստանի եւ Վրաստանի անցակետերում շուտով կսկսի գործել «մեկ պատուհանի» սկզբունքը: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:  Նրա խոսքով, օրինակ, եթե հայկական կողմից ավտոմեքենան ստուգում է անցել, ապա կարիք չի լինի, որ նույն ավտոմեքենան կանգնեցվի նաեւ երկրորդ անցակետում:

«Անցակետերում երկար գործընթացները խոչընդոտում են բիզնեսի եւ զբոսաշրջության զարգացմանը»,-Կոբալիայի խոսքերը մեջբերում է «Նովոստի Գրուզիան»:

Նշենք, որ Վրաստանի նախագահի պալատում, նոյեմբերի 29-ին կայացած կառավարական պատվիրակությունների հանդիպման ժամանակ, քննարկվել է նաեւ հայ-վրացական սահմանային մաքսակետերի համատեղ վերահսկման հարցը: Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն լրագրողներին հայտնել է, որ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակը, առաջին հերթին, առեւտրի, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում է գտնվում հայկական պատվիրակությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: