Թուրք հայտնի գրող գրող Ջահիթ Կըլըչը զուգահեռներ է անցկացրել Սիրայի ղեկավար Բաշար Ասադի եւ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի միջեւ: Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը գրում է, որ թուրք հեղինակն իր հոդվածում հատկապես շեշտել է, որ Ալիեւն ու Ասադը իրենց գահը ստացել է ժառանգաբար` իրենց հայրերից:
Նրանք երկուսն էլ հաշվի չեն առնում կարգ ու կանոն եւ իրենց ղեկավարած երկրները դիտարկում են որպես հայրերից ստացած սեփականություն: Ջահիթ Կըլըչն ընդգծում է, որ Ադրբեջանում եւ Սիրիայում խորհրդարանը ձեւական բնույթ է կրում, եւ խոսքի իրավունք ունի միայն մեկ մարդ` նախագահը: Երկու երկրներում էլ բանկային եւ ֆինանսական կազմակերպությունները, ազգային միջոցներով ձեռք բերված եկամուտները վերահսկվում են առաջնորդների եւ նրանց ընտանիքների կողմից, իսկ ժողովուրդի մեծամասնությունը զրկված է ազգային եկամուտներից: Ադրբեջանում եւ Սիրիայում ժողովրդավարությունը իսպառ բացակայում է, իսկ ընդդիմությունը դաժան հետապնդումների է ենթարկվում: Այնտեղ բանտերը լի են քաղբանտարկյալներով, լրագրողներով եւ մտավորականներով, մեջբերում է թուրք գրողին «Ազադլըգը»:
«Տեսնու՞մ եք, երկու երկրների եւ նրանց առաջնորդների միջեւ որքան նմանություն կա: Դրանցից մեկում արդեն բռնկվել է արաբական գարունը, միգո՞ւցե նույնը տեղի ունենա նաեւ մյուս երկրում», եզրափակում է հեղինակը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ալիեւին եւ նրա ընտանիքը նմանեցնում են արաբական աշխարհի բռնապետերի հետ: Այսպես, Ադրբեջանի «Բաց հասարակություն» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի` «Ազադլըգ» թերթին ուղարկած հոդվածում փորձել էր զուգահեռներ անցկացնել Թունիսի եւ Ադրբեջանի միջեւ` կանխորոշելով թունիսյան ապագա Ադրբեջանի համար:



























