Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանային հարցերում կնվազեցնի և հարցերը կփորձի լուծել իր պրոքսիների միջոցով, ինչը կուժեղացնի Թուրքիայի ազդեցությունը։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Վիգեն Հովսեփյանը։
«Բացի դրանից, Թրամփը լուրջ գործարար կապեր է հաստատել թյուրքական աշխարհի, ներառյալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Ուստի, Հայաստանի շահերի տեսանկյունից, ԱՄՆ հայերը պետք է իրենց ձայնը տան Քամալա Հարիսին։ Ընդ որում, հայ համայնքի ներկայացուցիչներն այս հարցում միասնական դիրքորոշում չունեն»,- նշել է նա։
Հովսեփյանը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ նախագահը Թրամփն էր:
«Վաշինգտոնի պահվածքը հիասթափեցնող էր: Ճիշտ է, 2023 թվականին Արցախում էթնիկ զտումների ժամանակ էլ նախագահն արդեն Բայդենն էր։ Սակայն ԱՄՆ-ի հռետորաբանությունը Թրամփի նախագահության համեմատ տարբերվում էր:
Թրամփի օրոք Միացյալ Նահանգներն առհասարակ բացակայում էր հայկական շահերին առնչվող հարցերից»,- նշել է նա։
Ըստ Հովսեփյանի՝ հաշվի առնելով իր հնարավորությունները՝ Հայաստանի համար դժվար է ԱՄՆ-ին գրավել իր կողմը՝ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի։
Վերջին ժամանակներում ԱՄՆ ակտիվունեությունը տարածաշրջանում հասարակական-քաղաքական գործիչը կապել է նոր ձգտումների հետ, ընդհուպ՝ տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության դերի ազդեցության նվազեցման նպատակը:
Նա Հայաստանին խորհուրդ տվեց հավասարակշռված քաղաքականություն վարել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։ Հովսեփյանը կոչ արեց Եվրոպայի հետ ակտիվ տնտեսական կապեր հաստատել և պաշտպանական ոլորտում հավասարակշռել մեկ կենտրոնից կախվածությունը։
«Արևմուտքը դժվար թե օգնի կամ ուժեղացնի Հայաստանին ընդդեմն Ադրբեջանի, որի դաշնակիցներն են ՆԱՏՕ-ի Թուրքիան և Միացյալ Նահանգների ամենամոտ դաշնակիցը՝ Իսրայելը։ «Ինչ վերաբերում է Հայաստանին իր ներուժի հզորացմանն աջակցելու հարցերին, Երևանն, անշուշտ, այս ուղղությամբ պետք է ավելի ակտիվ աշխատի»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն, անկախ օրվա իշխանություններից, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի վրա ճնշում չի գործադրի։
«Ռուսաստանն ավելի շատ է հետաքրքրված այս հարցում, նույնիսկ ավելի շատ, քան Թուրքիան»,- եզրափակել է Հովսեփյանը։











