Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն պաշտոնն ստանձնելու օրվանից ի վեր քաղաքացիներից 2904 բողոք է ստացել:

Ինչպես նոյեմբերի 30-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է օմբուդսմենը, դրանցից 1307-ը գրավոր բողոքներ են, մնացած 1597-ը` բանավոր:

220 մարդ գանգատվել է ոստիկանության գործունեությունից,  194 մարդ` դատարանի, 152 մարդ` աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարությունից, 116-ը` Երեւանի քաղաքապետարանից, 48-ը` պաշտպանության նախարարությունից, 38-ը` քրեակատարողական հիմնարկներից, 35-ը` դատախազությունից, 32-ը` Անձնագրային եւ վիզաների վարչությունից, 30-ը` Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից:

802 բողոք ստացվել է Երեւանի բնակիչներից: Հաջորդում են Կոտայքի (79), Շիրակի (73), Լոռիի (70) մարզերը:

Ըստ Կարեն Անդրեասյանի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բողոքների թվի աճ է գրանցվել: Բացառություն է կազմում Լոռու մարզը, որտեղից ստացված բողոքների թիվը կրճատվել է 10-ով: Դրական լուծում են ստացել 123 բողոքներ: Անցած տարի դրական ելք էին ունեցել 55 բողոքներ: