«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Հիսուսի արձանի կառուցման վայր եւ հետեւել աշխատանքներին:

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքին՝ նշելով. « Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գաղափարի մասին երկար եմ մտածել, ընտանիքիս անդամների, ծանոթների ու տարբեր ոլորտների անձանց հետ եմ քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ արձանի կառուցման գաղափարը քննարկվել է շուրջ 1,5 տարի։

Իմ մեջ միտքը ծագել է, որ մենք հայ ենք, աշխարհի առաջին քրիստոնյա ազգը: Մենք պետք է խեղճ չմնանք, պետք է ասենք ամբողջ աշխարհնմ իմանա, որ Կովկասում կա հայ ժողովուրդ, որ քրիստոնեությունն ինքն է ընդունել: Դա մեզ ճանաչում ու հզորություն է տալու»,-ասաց նա:

Ծառուկյանը նորմալ է համարում, որ իր այս նախաձեռնությունը քննադատվում է. «Ամեն ինչ ժամանակին կապացուցվի։ Ես կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի համար ճանաչման, հզորացման միջոց, հրաշալիքներից մեկն է լինելու։ Ժամանակի ընթացքում դեմ արտահայտվողները դա կհասկանան։ ես միայն չեմ ընդունում չարախոսությունը», - ասաց նա՝ շեշտելով, որ Փարիզում Էյֆելյան աշխատակի կառուցմանը ևս մարդիկ ժամանակին դեմ էին, մինչդեռ այժմ այն Ֆրանսիայի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկն է։

Լրագրողի դիտարկմանը, թե միանշանակ չէր նաև Հայ Առաքելական Եկեղեցի դիրքորոշումը և ՀԱԵ-ից ևս քննադատություններ հնչեցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են եղել, որոնք իրենք անցկացրել են ինչպես Ամենայն Կայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, այնպես էլ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ։

«Բոլորը պետք է հասկանան, որ ես կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ մշակութային կենտրոն։ Եթե ես եկեղեցի կառուցեի ու եկեղեցում դնեի, այլ բան կլիներ», - ասաց նա՝ հավելելով, որ մեր երկիրը չունի գազ, նավթ, ոսկի ու ադամանդ, բայց ունի տուրիզմը զարգացնելու հիանալի հնարավորություն։

Ինչ վերաբերում է արձանի տեղադրման ժամկետներին՝ Ծառուկյանն ասաց. «Դա կախված է Աստծուց, կամեցողությունից, գործունեությունից»:

Հարցին՝ ԿԳՄՍՆ-ի հետ հակասություններն ինչպես են լուծվել, նա արձագանքեց. «Քննարկումներ կան, գնում են, բանակցում եմ: Կան նախնական նախագծի փոփոխություններ: Այնտեղ եղել են ամրոցներ, ես գումարները փոխանցել եմ, եկել են, ուսումնասիրել են, հայտնաբերել են: Մենք շատ գրագետ, իրար հետ համագործակցելով, տեղը տեղին: Իրավական առումով եղել է, որ այնտեղ ամրոցներ կան, ես պատրաստակամ եմ եղել դրանք վերակառուցելու: Դա պատմություն է, որ տուրսիտները գան, դա էլ կտեսնեն, նա էլ կտեսնեն»:

Նշենք, որ Հիսուսի արձանի 33 մետրն արդեն կառուցված է:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար: Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։

ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

Ըստ տեղեկությունների` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան գագաթին գտնվող 9 հողակտոր, որոնք ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։

2022 թ.-ի օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան լանջին` Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք գտնվող ևս 7 հա հողատարածք։