Հայաստանի արտգործնախարարությունը առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին` Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու համար:
Հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգ: Հյուպատոսական շրջանը կընդգրկի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր, Լանգեդոկ-Ռուսիյոն, Միդի-Պիրենեյ տարածաշրջանները եւ Կորսիկան:
ՀՀ արտգործնախարարության ներկայացրած տեղեկանքում նշվում է, որ Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, ի թիվս այլ գործառույթների, տրամադրում է հյուպատոսական ծառայությաններ Ֆրանսիայի ողջ տարածքով:
Ֆրանսիայում բնակվում է շուրջ 500 հազ. հայ: Նրանց զգալի մասը Ֆրանսիայի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիներ են, սակայն ՀՀ անկախությունից հետո ստվար թիվ են կազմում նաեւ Ֆրանսիայում կա΄մ ժամանակավոր, կա΄մ մշտական բնակություն ունեցող, ինչպես նաեւ իրավական կարգավիճակ չունեցող ՀՀ քաղաքացիները:
Ֆրանսահայ համայնքը կենտրոնացած է հիմնականում Փարիզյան (հյուսիս), Ռոն Ալպյան եւ Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազյուրի (հարավ-արևելք) շրջաններում, ընդ որում` Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազյուրի շրջանում բնակվում է Ֆրանսիայի ամենաստվար հայ համայնքը, իսկ շրջանի կենտրոն հանդիսացող Մարսել քաղաքում հայերի թիվը հասնում է մոտ 100 հազարի:
Փարիզում ՀՀ դեսպանության հյուպատոսական ծառայության աշխատանքը ընթանում է խիստ ծանրաբեռնված օրակարգով: Բացի այդ, Փարիզից մեծ հեռավորության վրա բնակվող անձանց համար դժվարություն է առաջացնում Փարիզ մեկնելը (Մարսելից Փարիզ հեռավորությունը մոտ 800 կմ է):
Մարսելում հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ կան նաեւ Ֆրանսիայի հայկական համայնքի կողմից:
Նշենք, որ հյուպատոսությունը պահելու համեր պետական բյուջեում հարկավոր է տարեկան 18.7 մլն դրամի (մոտ 50 հազ. դոլար) լրացուցիչ միջոցներ հատկացնել:




























