«Սթար» սուպերմարկետների ցանցը  կարող է բաժնետոմսերի 10-20% -ը ներկայացնել IPO-ի: Այս մասին դեկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է «Սթար Դիվայդ» («Սթար» ցանցը կառավարող) ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահան Քերոբյանը: Ըստ նրա` թողարկման նշված փաթեթը դեռ վերջնական չէ:

«Մենք կքննարկենք տվյալ հարցը: Սակայն IPO  դուրս բերելը շատ կարեւոր է, քանի որ մենք ձգտում ենք ավելի հրապարակային կազմակերպություն դառնալ»,-հստակեցրել է Վ. Քերոբյանը:

Հիշեցնենք, ընկերության բաժնետերերից մեկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն էր(ՎԶԵԲ), որը 2009թ. ընկերությանը 3,6 մլն եվրոյի վարկ է տրամադրել եւ իրագործել ընկերության բաժնետոմսային կապիտալ մտնելը:

Խոսելով մանրածախ առեւտրի շրջանառության աճի մասին` Վ. Քերոբյանը նշել է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ մի քանի տոկոսի աճ է սպասվում:

«Այս կանխատեսումը չի ներառում տարվա ընթացքում բացված խանութները: Եթե հաշվելիս ընդգրկվեն նաեւ դրանք, ապա շրջանառության աճը, հատկապես հաշվի առնելով նախատոնական վաճառքը, կկազմի 20 - 30%», -ասել է Վ. Քերոբյանը:

Ներկա պահին «Սթար» ցանցը ներառում է 20 սուպերմարկետ, որոնցից 19-ը Երեւանում են, 1-ը` Հրազդանում: