Վրաստանի եւ Հայաստանի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցել դեկտեմբերի 4-ին` Հայաստանի հատուկ ընտրատեղամասերում: Այս մասին դեկտեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանը Վրաստանում պաշտոնական ներկայացուցչություն չունի, եւ այնտեղ բնակվող Ռուսաստանի քաղաքացիները զրկված են տեղում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Դրա համար նրանք կարող են գալ Հայաստան եւ քվեարկել այստեղի ընտրական տեղամասերում:
«Բոլոր քաղաքացիներին դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 08.00-20.00 հրավիրում եմ մասնակցելու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների ընտրություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքում, ինչպես նաեւ Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում», - ասել է դեսպանը`նշելով, որ Վրաստանից ընտրողների տեղափոխումը չի հաջողվում ապահովել, բայց Հայաստանի բոլոր մարզերում հատուկ ավտոբուսներ կաշխատեն, որոնք ՌԴ քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու համար կտեղափոխեն կամ Գյումրի, կամ Երեւան: Ըստ նրա` սպասվում է, որ Հայաստանում ընտրություններին կմասնակցի շուրջ յոթ հազար մարդ. «Հայաստանում քվեարկությունը կանցկացվի դիտորդների ներկայությամբ` հաշվի առնելով ՌԴ օրենսդրության պահանջները: Բոլոր ընտրողները պետք է Ռուսաստանի քաղաքացու գործող իրական անձնագրեր ունենան»:




























