Սիրիայում Թուրքիայից դժգոհությունը պայմանավորված է նաեւ տնտեսական գործոնով: Լրագրողների հետ հանդիպմանը, դեկտեմբերի 1-ին, հայտարարել է արեւելագետ Սուրեն Մանուկյանը` մեկնաբանելով Թուրքիայի եւ Սիրիայի փոխհարաբերությունների հեռանկարները: Նրա կարծիքով, դժգոհությունը ծագել է նաեւ նրանից, որ սիրիացի արտադրողները մրցակցության մեջ պարտվել են թուրքերին: «Ժամանակին Սիրիան տարածաշրջանային առաջատարներից էր թեթեւ եւ սննդի արդյունաբերության մեջ, բայց հետո թուրքական ապրանքները նվաճեցին սիրիական շուկան: Դա, բնականաբար, դժգոհություն է հարուցում Սիրիայում»,- նշել է Մանուկյանը:
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախաձեռնությունը` Թուրքիային հրավիրել Սիրիայի հարցով ԵՄ համաժողովին Բրյուսելում, փորձագետը նկատել է, թե Դամասկոսի հարցում Ֆրանսիան փորձում է արտաքուստ անկողմնակալ դիրքորոշում ցուցադրել, որպեսզի շտկի լիբիական գործողությունից առաջացած բացասական տպավորությունը: «Ֆրանսիան այնքան կտրուկ էր պաշտպանում իր նավթագազային շահերը, որ այժմ ձգտում է վերականգնել իր միջազգային հեղինակությունը»,- կարծում է Մանուկյանը:
Այդուհանդերձ, շահագրգիռ ուժերին բարդ կլինի Բաշար ալ-Ասադի համար «երկրորդ Քադաֆիի» վարկ ստեղծել, քանի որ ի տարբերություն այլ արեւելյան վարչակազմերի, Սիրիայի կառավարությունը առանձնակի դաժանությամբ աչքի չի ընկնում, նշել է արեւելագետը:




























