«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նախատեսում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկաթուղի, ավտոճանապարհ, հնարավոր գազամուղներ, մալուխներ, էլեկտրագծեր, բացել, այլեւ ենթադրում է, որ նման զարգացում պետք է ետղի ունենա նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղության խաչմերուկը» մեզ համար կարեւոր է նաեւ այն պատճառով, որ մենք այս նախագծի դեպքում հնարավորություն ենք ստանում նաեւ երկաթուղային կապ ունենալ Իրանի հետ, նաեւ Թուրքիայի հետ, Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ: Իհարկե, Ադրբեջանն էլ հնարավորություն է ունենում Հայաստանի միջոցով երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի հետ, Իրանի հետ: Այստեղ կարեւոր է նաեւ Նախիջեւանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջեւ ավտոմոբիլային կապը Հայաստանի տարածքով: Մենք պատրաստ ենք նման հաղորդակցություն տրամադրել:
Բայց նաև արձանագրենք, որ Նախիջեւանն այսօր զրկված չէ տրանսպորտային կապից, որովհետեւ եւ Իրանի տարածքով, եւ Թուրքիայի տարածքով Նախիջեւանը հնարավորություն ունի արտաքին աշխարհի հետ կապ հաստատել: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել այս նախագծի իրագործմանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այս գործընթացին խանգարում է այն, որ մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից. «Մասնավորապես, շատ է քննարկվում հարցը, թե ինչքանով է «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը համապատասխանում այդ թվում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա մեջբերեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և ընդգծեց, որ ՀՀ տարածքում կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել այն, ինչ չկա եռակողմ հայտարարության մեջ։ Իսկ չկա, որ ՀՀ-ն որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ, ընդհանրապես չկա:
Չկա որեւէ դրույթը, որը կնշանակի, որ ՀՀ իրավազորությունը իր ինքնիշխան տարածքում որեւէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական եւ այլ հսկողությունների ատռումով: Նման դրույթ պարզապես գոյություն չունի, չէր էլ կարող ունենալ»,-ասաց նա։











