Բնականաբար, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը հարթ չի ընթանում, առկա են մի շարք չհամաձայնեցված դրույթներ, բայց խաղաղության պայմանագրի բովանդակության մեծ մասը համաձայնեցված է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝՝ խոսելով այն մասին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված դրույթներով ստորագրելու, չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումներն էլ շարունակելու՝ Հայաստանի առաջարկին:

«Մենք ժամանակ առ ժամանակ տարբեր հայտարարություններ ենք լսում Բաքվից, որոնք մեծ մասը ընդհանրապես կառուցողական չեն և չեն խոսում բարիդրացիական վերաբերմունքի մասին, բայց առնվազն ՀՀ-ն շարունակում է առաջ տանել իր նարատիվները: Մենք շարունակում ենք համագործակցել մեր միջազգային գործընկերների հետ, իսկ Ադրբեջանի հետ առնվազն, խոսակցություն ունենք: Փորձը ցույց է տալիս, որ եղել են օրինակներ, երբ Ադրբեջանի կողմից ավելի վատ հայտարարություններ են հնչել, բայց հետո մեզ ստացվել է որոշակի հաջողության հասնել»,-նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Լրագրողի հարցին, թե ի՞նչը կարող է պատճառ հանդիսանել նման հայտարարությունների համար, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց.

«Հայաստան-Ադրբեջան երկխոսությունն ունի ստացված դրվագներ, բայց փորձը ցույց է տալիս, որ երբ այդ խոսակցությանը խառնվում են տարածաշրջանային այլ երկրներ, որոնք այլ շահեր ունեն, նրանց կողմից ճնշումները ևս կարող են անդրադառնալ այդ խոսակցության վրա: Այլ երկրների ազդեցությամբ Ադրբեջանը կարող է այլ հռետորաբանություն դրսևորել՝ սպասարկելով բոլորովին այլ երկրների շահերը, ինչը խանգարում է բանակցային գործընթացին»:

Խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջի մասին, Արթուր Հովհաննիսյանն ասաց.

«Համեմատությունը, որ Ալիևն ասում է՝ Սահմանադրությունը փոխեք, և դուք այստեղ սկսել եք Սահմանադրությունից խոսել, պատվիրված և կեղծ նարատիվ է: Մենք Սահմանադրության փոփոխության մասին խոսել ենք 2018 թվականից և շարունակում ենք խոսել»: