Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 53 հասցեում տեղի ունեցավ շինարարական նոր՝ խոշոր նախագծի հիմնարկեքը։ «Ավան Թաուերս» պրեմիում դասի համալիրը արդեն երրորդ նախագիծն է, որն իրականացվում է «ՄԼ Մայնինգ» ընկերության եւ պետության համագործակցությամբ։ Նախագծի գործընկերն է Արդշինբանկը։

Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությամբ բարեմաղթանքներով անոթը վերամբարձ կռունկով իջեցվեց շինհրապարակ և թաղվեց կաղուցվող համալիրի հիմքում։

Կառուցապատողի մտահղացմամբ «Ավան Թաուերսը» մայրաքաղաքի ամենահարմարավետ բնակելի թաղամասերից է լինելու։

«Առաջին անգամ նաև պետական ծրագրի շրջանակում իրականացվում է պրեմիում դասի կառուցապատում, ես կասեի, յուրօրինակ ճարտարապետական լուծումներով։ Առնվազն մինչ օրս այդպիսի պրեմիում դասի կառուցապատում մեր ծրագրերի շրջանակում չի իրականացվել։ Եվ ամենակարևորը նաև մայրաքաղաքի էկոլոգիապես ամենամաքուր թաղամասում՝ Ավան վարչական շրջանում», – լրագրողների հետ զրույցում ասաց «ՄԼ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը։

«Ավան Թաուերս» նախագիծն իրականացվում է կառավարության դեռեւս գարնանը ընդունված որոշման համաձայն՝ որի շրջանակում ավելի վաղ ստորագրվել էր եռակողմ հուշագիր՝ քաղաքաշինության կոմիտեի, Արդշինբանկի և «ՄԼ Մայնինգի»–ի միջև։ Սա պետական–մասնավոր համագործակցության լավ օրինակ է՝ ասաց Էդուրադ Մարգարյանը։

Կառավարության մասնակցությունը և մեկ վստահելիության երաշխիք է գնորդների համար՝ նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Նաիրի Հարությունյանը։

«ՄԼ Մայնինգ» ընկերության տնօրեն Էդուարդ Մարգարյանը և Արդշինբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով տրվեց հանրային ծառայողներին մատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռող վիճակահանության երկրորդ փուլի մեկնարկը։ Առաջինում խաղարկվել էր ավելի քան 700 բնակարան՝ բոլորը հանրային ծառայողների համար։ Վիճակահանության երկրորդ փուլում, որին արդեն կարող են մասնակցել ոչ միայն հանրային ծառայողները, այլև առողջապահության, կրթության, հանքարդյունաբերության, հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները, կխաղարկվի ևս 400 բնակարան՝ բացառիկ՝ 1 ք․մ․ 427,000 դրամ արժեքով։ Ի լրումն՝ անկախ նշված ոլորտներում աշխատելու հանգամանքի՝ ծրագրին կարող են դիմել նաև Արդշինբանկի հաշվետեր հաճախորդները։

 Արմեն Գասպարյանը վստահություն հայտնեց, որ այս նախագիծը ևս նախորդների պես հաջողությամբ կպսակվի։

«Արդշինբանկի հետ համատեղ իրականացվում է որպես երկրորդ փուլ, որի արդյունքում ոչ միայն պետական ծառայողները, այլ ցանկացողները, ովքեր Արդշինբանկի միջոցով ու իրենց գործընկերն են, կարող են մասնակցել այս վիճակահանության», – ասաց Էդուարդ Մարգարյանը։

Արդշինբանկը եւ հանրային ծառայողների, եւ մյուս շահառուների համար բնակարանների ձեռքբերման հիփոթեքային վարկի շահավետ պայմանների փաթեթ է մշակել՝ 12 տոկոս անվանական տոկոսադրույք։ Բացի այդ, վիճակահանությանը կկարողանան մասնակցել ոչ ռեզիդենտները, 20% կանխավճարի դեպքում եկամուտների վերլուծություն չի իրականացվի, իսկ բոլոր հաղթողները կստանան Gold քարտ՝ 1 տարի անվճար սպասարկմամբ:

«Ավան Թաուերսում» հիփոթեքով բնակարան ձեռք բերողները կարող են օգտվել նաեւ եկամտային հարկի վերադարձից։ Վիճակահանությամբ բնակարան ձեռք բերելու դեպքում մեկ քառակուսի մետրը 427 հազար դրամ է։

«Ավան Թաուերսը» նախագծվել է ճարտարապետական յուրահատուկ լուծումներով։ 120 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող  համալիրը ներառելու է Աճառյան փողոցի երկայնքով ձգվող բիզնես կենտրոն, առանձին մեկ բնակելի մասնաշենք, սպորտային համալիր եւ երեք բնակելի բլոկ։ Յուրաքանչյուրում բլոկում լինելու է 8 շենք՝ մոտ 1700 բնակարաններով։ Այս  փուլում մեկնարկել է առաջին բլոկի շինարարությունը։

Ըստ գլխավոր ճարտարապետ Կարապետ Դավայանի մտահղացման՝ բնակելի բլոկերն ունեն պարագծային կառուցապատում։

«Ավան Թաուերսի» բնակարանների վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել avan.am կայքը եւ լրացնել հայտը։ 400 բնակարանների վիճակահանությունը նախատեսում են ավարտել մեկ ամսում։ Առաջին բլոկը պատրաստ կլինի 2027 թվականին։