Հայաստանի հիմնական մարտահրավերները անբերրի հողն է, ջրամատակարարման խնդիրները, արտադրական թափոնների քանակությունը: Այս մասին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում դեկտեմբերի 2-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Սլավոնական համալսարանի մամուլի ծառայությունից, քննարկման շրջանակներում Գերչեւան շոշափել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հազարամյակի զարգացման նպատակները, մասնավորապես` կրթության, բնապահպանական կայունության եւ գլոբալ համագործակցության բնագավառներում:  Այսօր հանրության շրջանում առկա խնդիրների շարքում Գերչեւան նշել է հայեցակարգային զարգացման ոչ բավարար ըմբռնումը, քաղաքացիների սոցիալական պասիվությունը: Ըստ նրա` համակարգային մոտեցում է պետք ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ նրա առանձին հատվածների կառավարման հարցում: Գերչեւայի կարծիքով` Հայաստանի իրավիճակը շտկելու համար ոչ այնքան բարեփոխումներ, որքան քաղաքացիների մենթալիտետի եւ քաղաքացիական դիրքորոշման փոփոխություն է անհրաժեշտ. «Մեր ապագան երիտասարդության ձեռքերում է: Եւ ես կարծում եմ` շուտով հենց դուք կղեկավարեք երկիրը»:

Գերչեւայի այցի ընթացքում ՄԱԿ-ի հետ համագործակցության որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, որոնց շրջանակներում ՄԱԿ-ի մասնագետները պարբերաբար դասախոսություններ կկարդան Սլավոնական համալսարանում, իսկ բուհի ուսանողները կազմակերպությունում պրակտիկա անցնելու հնարավորություն կստանան: