Երեւանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է դեկտեմբերի 3-ին մայրաքաղաքում անցկացվող 9-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պատվիրակության անդամների հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետը կարեւորել է հանրաճանաչ միջազգային մրցույթը Երեւանում անցկացնելու փաստն ու ընդգծել, որ պատմամշակութային հազարամյա հարուստ ավանդույթներ ունեցող մեր մայրաքաղաքն այսօր ապրում է ակտիվ մշակութային կյանքով։

«Համոզված եմ, որ մրցութային ծրագիրը, որն ամեն տարի հիացնում է տարբեր երկրների քաղաքացիների, այս տարի եւս հաճույք եւ հիացմունք կպատճառի ամբողջ աշխարհին: Հաջողություններ եմ մաղթում մեր բոլոր տաղանդավոր փոքրիկներին եւ հուսով եմ, որ Երեւանի ջերմությունը կտանեք ձեզ հետ ու անպայման կցանկանաք կրկին այցելել մեր քաղաք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի  պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակից պատվիրակությունների անդամների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին` հանդիպման, ջերմ բարեմաղթանքների եւ աջակցության համար:

«Հյուրերը ոգեւորված եւ տպավորված են մեր հին, բայց եւ երիտասարդ քաղաքի գեղեցկությամբ եւ հյուրընկալությամբ: Շատերն այնքան են սիրել մեր քաղաքը, որ վերադառնալու ցանկություն են հայտնել»,- նշել է Գոհար Գասպարյանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում մեր երկրին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանը:

Շնորհակալություն հայտնելով փոքրիկին մեր երկրի պատիվը բարձր պահելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է  նրան նորանոր հաղթանակներ ու նվաճումներ եւ հանձնել է մայրաքաղաքի զինանշան-խորհրդանիշը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները Երեւանի քաղաքապետին են փոխանցել ազգային հուշանվերներ եւ, ի հիշատակ հանդիպման, լուսանկարվել են քաղաքապետի հետ: