Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ ներկայացրել համակարգում ընթացող բարեփոխումները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Վլադիմիր Գասպարյանն ու Ջոն Հեֆերնը շնորհավորել են միմյանց` պաշտոնավարման սկզբի առթիվ:

Ոստիկանության պետն ընդգծել է, որ ոլորտի բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է ոստիկանի վերափոխմամբ. նախ մարդը պիտի բարեփոխվի:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ամերիկյան ոստիկանության համակարգը լուրջ մոդել է, անհրաժեշտ տեղայնացման դեպքում՝ շատ բաներով նաեւ մեզ համար կիրառելի, իսկ ինչ վերաբերում է ամերիկյան կողմի տեխնիկական աջակցությանը, ապա դա պարտավորեցնում է աշխատանքի ձեւերն ու մեթոդները համապատասխանեցնել տեխնիկական հագեցման գործընթացին:

Հանդիպումից հետո դեսպանը ԱՄՆ կառավարության կողմից նվիրատվության կարգով 150 հազար դոլար արժողությամբ գրասենյակային եւ համակարգչային նոր սարքավորումներ է հանձնել ոստիկանությանը:

Սարքավորումներն օգտագործվելու են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կիբերհանցավորության եւ թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից:

ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տրամադրված սարքավորումները ներառում են գրասենյակային եւ դյուրակիր համակարգիչներ, տպիչներ, պատճենահան սարքեր, պրոյեկտորներ եւ այլն:

Սարքավորումների տրամադրմամբ ակնկալվում է հզորացնել հանցավորության դեմ պայքարող երկու բաժինների օպերատիվ եւ վարչական կարողություններն ու արդիականացնել ՀՀ ոստիկանության տեխնիկական հնարավորությունները:

ԱՄՆ կառավարության աջակցությունն՝ ուղղված Հայաստանի իրավապահ ու քրեադատավարական ոլորտին, տարեկան կազմում է մոտ 3 միլիոն դոլար:

Նվիրաբերությունը կատարվում է  ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող առավել ընդգրկուն օժանդակության ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների մեծացմանը  հանցավորության դեմ պայքարում ու դատաիրավական գործընթացների ապահովման բնագավառում: Նախկինում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերված օժանդակությունն ուղղվել է մարդկանց թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ստորաբաժանումներին, ինչպես եւ ՀՀ ոստիկանության ակադեմիային եւ ուսումնական կենտրոնին: