Միացյալ թագավորությունների մայրաքաղաքում` ԱՄՆ-ի դեսպանության շրջակայքում ոստիկանությունն այսօր` դեկտեմբերի 2-ին, ձերբակալել են 22 իսլամիստներ, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում ամերիկյան անօդաչու սարքերի միջոցով Պակիստանի վրա կատարված օդային հարվածների դեմ: Այդ մասին հայտնել են Սկոթլենդ-յարդի ներկայացուցիչները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Սկայպ նյուզ» տեղեկատվական հեռուստաընկերության հաղորդմամբ, ձերբակալվածները կասկածվում են ծայրահեղական կազմակերպությանը անդամակցելու մեջ: Ցույցի կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց կազմակերպությունը կոչվում է «Խելքի միավորում»: Սակայն իշխանությունները ենթադրում են, որ նրանք հանդիսանում են «Մահմեդականներն ընդդեմ խաչակրաց արշավանքների» կազմակերպության անդամներ: Իսկ այդ կազմակերպությունը Մեծ Բրիտանիայում ներառված է ծայրահեղական խմբավորումների ցուցակում եւ արգելված է 2011-ի նոյեմբերից:
Նման որոշման պատճառ է եղել այդ խմբավորման կողմից կազմակերպված ցույցերը, որոնց մասնակիցները այրել են կակաչի պատկերով նկարները, իսկ դրանք Մեծ Բրիտանիայում համարվում են զոհված զինվորների հիշատակի խորհրդանիշ:
«Մահմեդականներն ընդդեմ խաչակրաց արշավանքների» կազմակերպության պատկանելիությունը Մեծ Բրիտանիայում համարվում է քրեական հանցագործություն: Այսօրվա ցույցի նախօրեին կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք մտադիր են ամերիկյան դեսպանության շենքի առջեւ ուրբաթօրյա աղոթք կատարել եւ հանդես գալ «անօդաչու թռչող սարքերի հարվածների հետեւանքով մահմեդականների սպանությունների» դեմ:
ԱՄՆ ղեկավարությունը հայտարարում է, որ Պակիստանի տարածքին հասցվող ավիացիոն հարվածները օգնել են վերացնել «Ալ-Քաիդա» եւ «Թալիբան» կազմակերպությունների տասնյակ ահաբերկիչների: Սակայն այդ հարվածների ընթացքում կան զոհեր նաեւ Պակիստանի խաղաղ բնակչության շրջանում:
Մեկ շաբաթ առաջ ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին, որի հետեւանքով 24 պակիստանցի սահմանապահներ են զոհվել: Այդ միջադեպի մանրամասները դեռ ճշտված չեն:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում պակիստանցիների մեծ համայնք է բնակվում:




























