Չինական աերոտիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան Beidou համակարգի երկու նավիգացիոն արբանյակ է արձակել։ Հեռարձակումն ապահովել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Մեկնարկն իրականացվել է Պեկինի ժամանակով ժամը 09.14-ին Սիչան տիեզերակայանից (Սիչուան հարավարեւմտյան նահանգ) CZ-3B/YZ հրթիռի օգնությամբ։

 «Չանչժեն» տիպի կրող հրթիռի համար սա 535-րդ արձակումն է։

Այս անգամ ուղեծիր են հանվել 59 եւ 60 համարների արբանյակները։ Այդ սարքերը նպատակ ունեն բարձրացնել Beidou երրորդ խմբավորման արդյունավետությունը։

Beidou արբանյակների խմբի ձեւավորման ծրագիրը մեկնարկել է 2000թ., այն կոմերցիոն նպատակներով օգտագործվելու համար է։ Ուղեծրում են գտնվում երեք սերունդների տիեզերասարքեր (BDS-1, BDS-2 եւ BDS-3)։ 2022թ. վերջին «Ռոսկոսմոսը» եւ Չինաստանի ազգային տիեզերայան վարչությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր ԳԼՈՆԱՍՍ եւ Beidou արբանյակային համակարգերի նավիգացիոն արբանյակների փոխլրացյալությունն ապահովելու համար։

CZ-3B/YZ-ը 4 մետր տրամագծով հրթիռ է։ Այն հասնում է մոտ 54 մետր երկարության եւ կարող է ցածր երկրամերձ ուղեծիր դուրս բերել մինչեւ 12 տոննա օգտակար բեռ (երկրաստացիոնար անցումային ուղեծիր՝ 5,5 տոննա)։