Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին հակասում են ողջախոհությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։

«Ինձ թվում է, որ դրանք (հայտարարությունները) հակասում են ողջախոհությանը և իրականությանը։ Որովհետև, եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի խոսել այն մասին, որ նրանք (Հայաստանը) դեռ մնում են այնտեղ (ՀԱՊԿ-ում)»,- ասել է դիվանագետը՝ Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակներում։ -Եթե նրանք մնում են, նշանակում է՝ սրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ, ասում էին, որ ՀԱՊԿ-ն է «դուրս եկել Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը»։

Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում ասել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա շարունակական գոյության, ինքնիշխանության և պետականության համար։