Եվրամիության նախագահող Լեհաստանը եվրագոտին փրկելու ծրագիր է նախապատրաստել, որը ԵՄ երկրների ուսումնասիրությանը կներկայացվի դեկտեմբերի 8-9-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովի ընթացքում:

Մշակված ծրագրի համաձայն` Լեհաստանը հանդես կգա ֆինանսական կարգուկանոնի ամրապնդման, ԵՄ  եւ եվրագոտու հիմքային փաստաթղթերի փոփոխության, ինչպես նաեւ եվրագոտում չընդգրկված երկրներին  որոշումներ կայացնելու գործընթացին մասնակից դարձնելու հնարավորության օգտին, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լեհաստանն առաջարկում է, որպեսզի բոլոր երկրները քննարկումներին մասնակցելու հնարավորություն ունենան, բայց քվեարկելու իրավունք կունենան միայն եվրագոտու անդամները: Այն հանդես է գալիս ԵՄ բոլոր երկրներին, նույնիսկ` ընդհանուր արժույթ չունեցող, ծրագրերի, նիստերի օրակարգի եւ եվրագոտում առկա գլխավոր խնդիրների մասին տեղեկացնելու օգտին:

Բրյուսելում դեկտեմբերի 8-9-ը կայանալիք գագաթաժողովի ընթացքում ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն ԵՄ եւ եվրագոտու  հիմքային փաստաթղթերում անհրաժեշտ փոփոխությունները կառաջարկեն: Այդ նախաձեռնությանը սատարում են մասնավորապես Ֆրանսիան եւ Գերմանիան: Դեմ կարող է լինել Լոնդոնը: Եթե պայմանագրերի փոփոխության մասին որոշում չընդունվի, ապա այդ նախաձեռնության կողմնակից երկրները կարող են միջկառավարական համաձայնագիր կնքել եվրոյի կայունության նոր դաշնագրի մասին: