«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղարը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը նշել է, որ մամուլը կարող է տարբեր տեղեկություններ տարածել, սակայն ինքը չգիտի` կայացե՞լ է հանդիպում, թե՞ ոչ:
Նույն պատասխանը տվեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ կուսակցության մամուլի քարտուղարը կուսակցության առաջնորդի հանդիպումների մասին տեղեկություն չունենա, Մհերյանը պատասխանել է. «Մենք շատ բան գիտենք, բայց դա ոչինչ չի նշանակում...»:
Դիտարկմանը, թե հետեւաբար ստացվում է, որ ինքը տեղյակ է այդ հանդիպումից, բայց չի ցանկանում այդ մասին ոչինչ ասել, Մհերյանն արձագանքեց. «Որտեղից գտաք հետեւաբար բառը: Մենք ասում ենք այն, ինչ հարկ ենք համարում»:
Նշենք, որ համաձայն մամուլի հրապարակումների, Դուբայից վերադարձած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Կարելի է ենթադրել, որ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների օրերս կատարված ձերբակալությունների հարցը: Որքանով մեզ հայտնի է, պայմանավորվածություն կար, որ «Բարգավաճ Հայաստանը» կառավարության ներկայացրած հարկային փաթեթին, նաեւ Սամվել Նիկոյանի ու Էդուարդ Շարմազանովի, համապատասխանաբար, ԱԺ խոսնակի եւ փոխխոսնակի պաշտոնին հաստատելուն կողմ կքվեարկի»,- գրում է «Հրապարակ» թերթը:
«Հայկական ժամանակ» թերթը նշում է, որ «նախագահականում հանդիպումը բավական լարված է եղել»: Համաձայն թերթի աղբյուրների` Գագիկ Ծառուկյանը պարզաբանում է խնդրել իր կողմնակիցների նկատմամբ կիրառվող հետապնդումների կապակցությամբ: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է, որ դա իրավական հարց է, որով զբաղվում են իրավապահ մարմինները: Դրա վերաբերյալ Ծառուկյանը նշել է, որ իր կուսակցությունը մտադիր է առանձին մասնակցել կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ինչին նախագահը չի արձագանքել: Վերջում խմբագրությունը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, նշում է, որ հաջորդ շաբաթ «Բարգավաճ Հայաստանը» մտադիր է քննարկել Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 25-ին կայացած հանրահավաքը:




























