Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել London Chess Classic սուպերմրցաշարի նախավերջին վարկանիշն ունեցող անգլիացի Լյուկ Մաքշեյնին: Այսօր, դեկտեմբերի 3-ին կայացած առաջին տուրի պարտիայում Արոնյանը սպիտակներով պայքարն ավարտեց ոչ ոքի:

Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Մայքլ Ադամս - Վիշվանաթան Անանդ եւ Վլադիմիր Կրամնիկ - Հիկարու Նակամուրա պարտիաները: Առաջատարի դերը ստանձնեց Մագնուս Կարլսենը, որը հաղթեց Դեւիդ Հաուելին: 

Միավորների հաշվարկը ֆուտբոլային է. հաղթանակը` 3 միավոր, ոչ ոքին` 1 միավոր:

Մրցաշարին մասնակցում են ինը գրոսմայստերներ. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2826), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2811), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2802), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2800), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2758), Մայքլ Ադամս (Անգլիա, 2734), Նայջել Շորթ (Անգլիա, 2698), Լյուկ Մաքշեյն (Անգլիա, 2671), Դեւիդ Հաուել (Անգլիա, 2633): Յուրաքանչյուր տուրը մեկնաբանում է խաղերից ազատ իններորդ շախմատիստը: