ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովին: Իր ելույթում նա մասնավորապես ասել է.

«Ինձ համար առանձնահատուկ է հանդես գալ «Ապագայի գագաթնաժողովին», որովհետև ՀՀ  վարչապետի իմ ընթացիկ մանդատը ստացել եմ խորհրդարանական ընտրություններում մեր կուսակցության կողմից որդեգրված «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո։  Բոլոր այն պրոբլեմները, որ այսօր մենք ունենք ուղիղ կամ անուղղակի ձևով կապված են անցյալում մի ինչ–որ պահի կայացված կամ չկայացված որոշումների հետ, նույնը կարելի է ասել այսօրվա բոլոր հաջողությունների և ձեռքբերումների մասին։ Անցյալում արդեն ոչ մի բան չենք կարող փոխել, այսօրվա մեջ արդեն շատ բան չենք կարող փոխել, որովհետև այսօրն արդեն անցյալ է կիսով չափ։ Բայց ապագան նախագծելն այսօրվա ամենակարևոր գործն է։ Անելիքների օրակարգը նույնպես հայտնի է. խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն, ազատություն, արդարություն, մարդու իրավունքներ, արհեստական ինտելեկտ, կլիմա։ Բայց կարևոր է այն հանգամանքը, որ պիտի դնենք ապագայի մեր պատկերացումների հիմքում։ Եվ հետևաբար, ինչպե՞ս կառուցել ապագան։

Ասածս տարօրինակ կհնչի, բայց կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է, և դրանց հիմքների ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը, անկախ նրանից այս պահին դրանք կա՞ն, թե ոչ։

Այսօրվա գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ միջազգային հարթակները վաղուց դարձել են  փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների, փակուղիների, ճգնաժամերի ազդարարման հարթակ։

Դժվար եմ հիշում միջազգային հարթակներում պոզիտիվ խոսույթ իմ կամ այլ լիդերների անունից։ Եվ սրա համար օբյեկտիվ պատճառներ կան. պոզիտիվ խոսույթի նյութը քիչ է։ Իսկ գուցե սա նրանից է, որ նախկին մի շրջանում պոզիտիվ խոսույթ է քիչ եղել կամ բացակա։  Մենք սովորաբար գալիս ենք ՄԱԿ ազդարարելու, թե ինչքան վատ է լինելու, որովհետև դրա մասին վկայող փաստերը շատ են ու ամենուր, և դրանք տեսնելու համար ջանք առանձնակի պետք չէ գործադրել։ Ջանք պետք է գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու և դրանց մասին մտածելու համար, որովհետև այն, ինչ տեղի է ունենում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքում։

Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրել է հենց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկար։ Հիմա այդպես է գլոբալ առումով։

Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթթնաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, Ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը։ Ի տարբերություն նախորդ երեք անգամների՝ ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Եվ դա դրական մտածելու և հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն կտա։

Այո՛, առայժմ միայն խոսենք, քանի որ «Սկզբում խոսքն էր և խոսքը Աստծու հետ էր, և միտքը Աստված էր»։ Ուստի պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։  Եկեք անենք դա»,–ասել է նա։