Հայաստանի կառավարությունը կրթված մարդու համար գիտելիքներն իրացնելու պայմաններ պետք է ստեղծի: Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական սեմինարին:
Նրա խոսքով` ժամանակակից տնտեսությունների հենքային գործընթացն այլեւս ապրանքների արտադրությունը չէ, այլ գիտելիքի արտադրությունը: «Պետք է ձեւավորվեն տնտեսական ենթակառուցվածքներ, որոնք սպասարկելու են մտագործունեությունը եւ այն մարդկանց, ովքեր ստեղծում են նոր գիտելիք» ,-հայտարարել է կառավարության ղեկավարը:
Ըստ Տիգրան Սարգսյանի` Հայաստանի տնտեսությանը եւս բնորոշ են բոլոր այն խնդիրները, ինչ այն պետություններին, որտեղ եւս մեկ շնչին տարեկան բաժին ընկնող ՀՆԱ-ն միջինը երեք հազար դոլար է կազմում: «Մեր խնդիրն է` կարճ ժամանակում հաղթահարել աղքատությունը, որի շեմը մեր երկրում բավականին բարձր է: Մեզ համար կարեւորագույն խնդիր է միջին խավի ձևավորումը, եւ մեր տնտեսական մոդելը պետք է պատասխանի նաեւ այդ հարցին»,-հայտարարել է վարչապետը:
Այդ նպատակով, նշել է վարչապետը, իշխանությունները ձեռնամուխ են եղել արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մշակմանը: «Քաղաքականության հիմնական սկզբունքը նոր պլատֆորմի ներդրումն է` պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Դա նշանակում է, որ մենք մասնավոր հատվածի հետ միասին պետք է բացահայտենք մեր արդյունաբերական քաղաքականության խնդիրները, հարաբերական առավելություններն ու ծրագրերը», - ասել է վարչապետը:



























