Պետությունը «լիդիանից» եւ մնացած ընկերություներից բաժնեմաս չի վերցրել, այդ ընկերություններն իրենք են պետությանը բաժնեմաս նվիրել. որեւէ ընկերություն պետականացնելը կառավարության ծրագրի մեջ չի մտնում, որովհետեւ մենք շուկայական տնտեսություն ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսակն հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պետությունը որոշել է վերցնել ՀԷՑ-ը սեփականատիրոջից, որի մասին վերջին շրջանում գրում է մամուլը:

Նրա խոսքով, ԱԺ-ում ՀԷՑ-ին եւ էլեկտրամատակարարման վերաբերյալ քննարկմանը ներկայացվել են հարցեր, որոնք հուզում է ամբողջ հասարակությանը. «Ես կարդացել եմ որոշ հոդվածներ. Մամուլում արվում է պնդում, որ նման բան կա, հետո հարցնում եք, թե ինչու է այդպես: Դուք ենթադրել եք, որ ՀԷՑ-ը պետականացնելու նպատակ կա, հետո էլ հարցնում եք՝ արդյոք  դա ճիշտ է: Ես չգիտեմ՝ որտեղից այդ ինֆորմացիան. Դուք կարող եք դա ճշտել այն աղբյուրից, որտեղից այն հասանելի է դարձել: ՀՀ-ն շուկայական տնտեսություն է եւ մենք ուզում ենք այնպես անել, որ ոլորտը աշխատի թափանցիկ և մրցակցային միջավայրում: Ներկայացնել այդ քննարկումը, որը բխում է հասարակության շահերից, որպես ընկերությունը զավթելու փորձ, դա այնքան էլ ճիշտ չէ»:

Թունյանը նկատեց, որ դա բնական մենաշնորհ է, իսկ բնական մենաշնորհներն աշխատում են իրենց խաղի կանոններով. «Բայց ակնհայտ է, որ մենք այսօր ունենք հոսանքի մատակարարման խնդիրներ: Այսինքն եթե դուք հարցում անեք ձեր մտերիմների շրջանում, մեծ մասը բողոքելու է եւ հոսանքի հաճախակի անջատումներից, եւ տատանումներից, եւ հաճախակի վթարներից: «Վեոլիա ջրի» հետ էլ կան քննարկումներ, ուղղակի մենք պետք է մի իրողության հետ համակերպվենք, որ ենթակառուցվածքները բավականին հնացած են:  Այդ խնդիրը լուծելու համար մեծածավալ ներդրումներ են պետք, իսկ դա ենթադրում է սակագների բարձրացում:

Դրա համար վերջին 20-30 տարիների ընթացքում սակագների բարձրացում տեղի չի ունեցել, ըստ այդմ, բավարար ներդրումներ էլ չեն կատարվել: Բայց քայլեր արվել են բարելավելու ուղղությամբ: Օրինակ, ժամանակն մենք ունեցել ենք ջրի 70-80 կորուստ:

Քննարկումը նրա համար էր, որ հասկանանք՝ ինչի պատճառով են այդ խնդիրները, ինչ պետք է անի կառավարությունը, ինչ պետք է անի ՀԷՑ-ը, ինչ պետք է անի կարգվորողը եւ հասկանալ լուծման ուղիները»,- ընդգծեց Թունյանը:

Հարցին՝ սակագնի փոփոխություն սպասվո՞ւմ է, նա պատասխանեց. «Այս պահյին նման բան չի քննարկվում»: