TRIPP նախագծի հիմնական շահառուներն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրի երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։
Ընդ որում, նրա խոսքով՝ Բաքվի շահագրգռվածությունն ավելի մեծ է, քան Անկարայինը։
«Բավական է միայն քարտեզին նայել՝ հասկանալու համար, թե ում է այս ճանապարհն ավելի ձեռնտու։ Այստեղ մենք նոր բան չենք հորինում և նոր մտքեր չենք հնչեցնում։ Որպեսզի հասկանաք՝ այս ամենը որքան կարևոր է Ադրբեջանի համար, նշեմ, որ ժամանակին նրանք նույնիսկ պատրաստ էին ճանապարհի դիմաց Լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի կազմում։ Նկատեք՝ ոչ թե պարզապես ճանաչել անկախությունը, այլ Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի կազմում։ Այս առնչությամբ բանակցություններ են վարվել, և անգամ համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել», — ասաց Քոչարյանը։











