Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հիշատակել է Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի, Ուկրաինայում պատերազմի եւ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

«Ռուսաստան» բառը նրա ելույթում, որը տեւել է ավելի քան 9 րոպե, Վրաստանի վարչապետը ոչ մի անգամ չի արտաբերել, նշել է ԶԼՄ-ն։

Կոբախիձեի խոսքով՝ «աննախադեպ գլոբալ խնդիրների եւ տարածաշրջանային հակամարտությունների դարաշրջանում» «Վրացական երազանքի» կառավարությունը «անխոնջ աշխատում է, որպեսզի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի հպարտանա իր երկրով»։

«Մենք ընդունել ենք մի շարք դժվար որոշումներ եւ երբեք չենք վախեցել դժվարություններից։ Մենք երբեք հեշտ ճանապարհ չենք ընտրում։ Մենք միշտ գերակայությունը տալիս ենք մեր պետությանն ու ժողովրդին... Մենք գիտակցում ենք խաղաղության գինը։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, հակամարտության գոտուց վերածենք հնարավորությունների տարածաշրջանի»,- հայտնել է  Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանը կկարողանա դառնալ Եվրամիության անդամ մինչեւ 2030թ., շնորհիվ իր կառավարության պրագմատիկ քաղաքականության։

«Վրաստանը կանգնած է իր վերջին շրջանի պատմության խաչմերուկում, իսկ մեր կոչումը, որպես ժողովրդի կառավարության, մեր երկիրը մեր ժողովրդի լավագույն շահերով կառավարելն է, հնարավոր ամեն ինչ անելը, որպեսզի հաղթահարվեն մեր առջեւ կանգնած բոլոր մարտահրավերները, եւ դառնալ ավելի ուժեղ եւ հաջողակ, քան երբեւէ։ Մենք տրամադրված ենք լավատեսորեն եւ հավատում ենք, որ Վրաստանի ցանկությունը՝ դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, կիրականացվի մինչեւ 2030թ.»,- ասել է Կոբախիձեն։