Գիտնականները ստեղծել են արհեստական ​​«ուղեղով» բիոհիբրիդային նյարդամկանային ռոբոտ՝ ճշգրիտ անլար կառավարման և նավիգացիայի համար, գրում է Interesting Engineering-ը։

Թիթեռանման ռոբոտի՝ ձախ կամ աջ «լողակն»  ընտրողաբար «թափահարելու» և արագությունը կարգավորելու ունակությունը հնարավոր է դարձել որոշակի նեյրոնների խթանման միջոցով:

Այս ռոբոտները զարգացնում են միջինը 0,52 ± 0,22 մմ/վ արագություն, իսկ թևերի թափահարման հաճախականությունը կազմում է մինչև 2,0 Հց։

«Այս արդյունքները կարող են հիմք ծառայել շրջակա միջավայրի ազդանշաններին արձագանքելու ունակ ապագա ինքնավար բիոհիբրիդային սարքերի ստեղծման համար՝ օգտագործելով ինտեգրված նյարդային համակարգը, մի բան, որ ներկայիս բիոհիբրիդային համակարգերից շատերին չի բավականացնում»,- ասվում է հետազոտողների հայտարարության մեջ:

Էվոլյուցիայի միջոցով կենդանի օրգանիզմները զարգացրել են բարդ շարժիչային օրինաչափություններ և արդյունավետ համակարգեր, որոնք նրանց հնարավորություն են ընձեռում փոխազդելու անընդհատ փոփոխվող միջավայրի հետ: Այս բնական ոգեշնչումը գիտնականներին ստիպել է արհեստական ​​բաղադրիչների հետ համատեղ ստեղծել բիոհիբրիդային մեքենաներ՝ օգտագործելով կենդանի սրտի կամ կմախքի մկանները:

Այս սարքավորումները կարող են նմանակել կյանքին բնորոշ շարժումներ, մասնավորապես՝ լողալու, քայլելու և ճանկելու ունակությունը: Նրանք վերարտադրում են այնպիսի գործառույթներ, ինչպիսին են մեդուզայի շարժումը կամ սրտի տրոփյունը: Շարժիչային նեյրոններով և մկաններով հագեցած բիոհիբրիդ լողորդը վերջերս ցուցադրվել է, սակայն նրա շարժումները վերահսկելը առաջվա պես դժվար է: Հետազոտողներն ընդգծում են, որ անլար էլեկտրական սինափսների ներդրումն այս մեքենաներում ի վիճակի է բարելավելու մկանների վերահսկումն ու արձագանքման արագությունը: