Խնդիրը ոչ Լիբանանն է, ոչ Հեզբոլլահը, խնդիրը Իրանն է, նպատակը ամեն գնով Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելն է: Այս մասին NEWS.am-ի հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Բոլորը հասկանում են, որ «Հեզբոլլահը. Եւ մի քանի այլ կառույցներ Իրանի պրոքսիներն են, եւ կառավարվում են Իրանի կողմից: Իրանը ստեղծել է դիմադրության առանցք հասկացություն, որը անվանում են նաեւ շիական մահիկ, սակայն այս պրոքսիները, ինչքան էլ իրենք ավտոնոմ գործեն, կառավարվում են Իրանից: Բուն նպատակն է Իրանին ներքաշել մեծ պատերազմի մեջ եւ կոտրել այդ երկիրը: Վերջին բոլոր զարգացումները մեկ շղթայի օղակներն են:

Անհասկանալի կերպով զոհվեց Իրանի նախագահը: Դրանից հետո Իրանը լռեց: Դրանից հետո Իրանում տեղի ունեցավ ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարներից Հանիայի բավականին ցինիկ սպանությունը: Իրանը այս դեպքում էլ նախընտրեց լռել: Դրանից հետո տեղի է ունենում «Հեզբոլլահի» մի շարք առանցքային հրամանատարների սպանությունը: Իսկ օրերս տեղի ունեցավ «Հեզբոլլահի» առաջնորդի սպանությունը: Սրանով Իսրայելը բարձրացնում է խաղադրույքները եւ փորձում ամեն գնով Իրանից ակնկալել այնպիսի հարվածներ, որ հետո իրենք կարողանան լայն կոալիցիա ձեւավորել ընդդեմ Իրանի:

Իսրայելն Իրանի համար որպես այդպիսին առանցքային հակառակորդ չի: Իսրայելի նպատակն է կարողանալ Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշել ԱՄՆ-ին եւ արեւմտյան մի շարք երկրների: Դրանից հետո Իրանը կստանա այնպիսի հարվածներ, որ երկար տասնամյակներ չի կարողանա վերականգնվել: Սա է բուն նպատակը»,-ասաց քաղաքական վերլուծաբանը՝  հավելելով, որ դա է պատճառը, որ Իրանը հարվածներ ստանալով լռում էր:

Նա նկատեց, որ երբ Իրանը լռում էր, Իսրայելն ավելի էր ցինիկանում եւ ավելի լկտի հարվածներ են հասցնում, մյուս կողմից, եթե Իրանը պատասխանում է, առկա է վտանգ, որ կներքաշվի այնպիսի պատերազմի մեջ, որ բոլոր առումներով մի քանի տասնամյակ հետ կշպրտվի: Ի վերջո, Իրանը որոշեց հարվածել Իսրայելին, եւ չեմ կարող ասել, թե արդյոք սա կվերաճի լայնածավալ պատերազմի: Ակնհայտ է, որ Իրանը փորձում է ամեն գնով խուսափել լայնածավալ պատերազմից»: