Արեւմուտքը փորձում է քաոս սերմանել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք հավաքական Արեւմուտքի երկրների, անմիջականորեն ՆԱՏՕ դաշինքի ավելի մեծ ցանկությունը՝ ձուկ որսալ պղտոր ջրում, իսկ մինչ այդ ավելի պղտորել այդ պղտոր ջուրը։ Այդ փորձերն առաջին անգամ չեն ձեռնարկվում։ Ես կարծում եմ, որ այդ մասին պատմականորեն լավ գիտեն նաեւ տարածաշրջանի այլ երկրները։ Ուստի հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի ահա այդ ընդհանուր ապակայունությունը, որն ընթանում է, արդեն երեւում է աշխարհի տարբեր կետերում, քաոսը կառավարելու Արեւմուտքի ցանկության պատճառով, որպեսզի այն չտեղափոխվի նաեւ մեր ընդհանուր տարածաշրջան»,- ասել է դիվանագետը։

«Այս տարածաշրջանը բազմաչարչար է, այն անցել է բազմաթիվ հակամարտությունների եւ անգամ արյունալի, դաժան պատերազմների միջով, որոնք սպիներ են թողել տարբեր ազգերի մարդկանց սրտերում։ Ուստի, ով ցանկանում է գալ խաղաղությամբ, օգնել, աջակցել, ես կարծում եմ, մենք բոլորս միայն ուրախ կլինենք։ Բայց ում թեւի տակ քար է, անգամ դանակ, հեռու կորեք այստեղից, մեր տարածաշրջանից,- շարունակել է նա։- Մենք միասին այնքան ուժ ենք նվիրել այն բանին, որպեսզի այստեղ պահանենք խաղաղությունը, որ պետք է անել ամեն բան, որպեսզի թույլ չտանք ահա այդ ամենահերթական մախինատորներին եւ մանիպուլյատորներին, այսպես ասած, կառավարվող քաոսի իրենց քաղաքականությունը ծավալել։ Որովհետեւ, ի դեպ ասած, վերջին տասնամյակներին այդ քաոսը այնտեղ անկառավարելի է»։