ԱՄՆ-ում  պաշտոնապես ընդունել են, որ Իրանում խփված RQ-170 Sentinel անօդաչու սարքը պատկանել է ԿՀՎ-ին, եւ այն գաղտնի առաքելություն կատարելիս է եղել:

Ենթադրվում է, որ սարքը դուրս է եկել ամերիկյան հետախույզների վերահսկողությունից եւ ուղեւորվել Իրանի տարածք:  Ընդ որում, ամերիկացիները կարծում են, որ այն Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից չի խփվել, այլ ինքն է ընկել, երբ վառելիքը վերջացել է, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

Այժմ ամերիկյան մասնագետները վախենում են, որ թռչող սարքի հետ իրանցի զինվորականների ձեռքում կարող են հայտնվել գաղտնի տեխնոլոգիաները, ներառյալ` վերահսկող տեսախցիկները, տարբեր ցուցիչներ եւ անօդաչու սարքի «անտեսանելիության» տեխնոլոգիան, որը նրան հնարավորություն է տալիս աննկատ մնալ ռադիոտեղորոշիչ սարքերի համար: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, սարքը իրանցի զինծառայողների ձեռքն է անցել նվազագույն վնասվածքներով:

NBC-ի տվյալներով` նման անօդաչու սարք ամերիկյան ուժերը մի քանի ամիս շարունակ կիրառել են  Պակիստանում` հսկելու համար այն առանձնատունը, որտեղ ԱՄՆ ռազմածովային հատուկ ծառայությունների կողմից ոչնչացվելուց առաջ թաքնվում էր  «Ալ Քաիդայի»  առաջնորդ Ուսամա բին Լադենը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը ամերիկյան անօդաու թռչող սարք են կործանել, որը խախտել էր Իրանի սահմանը:  Սկզբում ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հրաժարվում էր սարքից, այնուհետեւ հայտարարել էր, որ այն, հնարավոր է,  Աֆղանստանում «կորցրել են» ISAF-ի ուժերը: