Իրանցի խորհրդարանականների մի խումբ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին կոչ է արել թույլ տալ ստեղծել միջուկային զենք Իսրայելի սպառնալիքների պատճառով, տեղեկացրել է ISNA լրատվական գործակալությունը։

«Այսօր ոչ մի միջազգային կազմակերպություն եւ անգամ եվրոպական ու ամերիկյան պետությունները չեն կարող  վերահսկել Իսրայելին։ Այս հիման վրա մոտ 39 խորհրդարանականներ նամակ են գրել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին եւ ստորագրել այն՝ խորհրդին առաջարկելով վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինը»,- գործակալությանն ասել է մշակույթի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Հասան-Ալի Էհլյակին։

Իրանի պաշտպանական դոկտրինը, հետեւելով երկրի գերագույն առաջնորդ Ալի Համենեիի ֆեթվային, արգելում է միջուկային զենք ստեղծել՝ դրա արտադրությունը համարելով իսլամին հակասող։

Ինչպես նշել է Էհլյակին, արգելքը, չնայած դրան, կարելի է վերանայել։

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հոկտեմբերի 8-ին հայտնել է, որ Մերձավոր Արեւելքում ստեղծվել են պատմական հանգամանքներ, որպեսզի գրոհի ենթարկվեն Իրանի միջուկային օբյեկտները։ Նրա խոսքով՝ համընկել են չորս կարեւոր տարրեր։ Դրանցից առաջինը քաղաքական գործիչը համարում է ԱՄՆ «հայտարարված պարտավորությունը»՝ «երբեք թույլ չտալ Իրանին միջուկային զենք ունենալ»։ Երկրորդ՝ հարված հասցնելու անհրաժեշտություն, քանի որ «վերջին երկու տարիներին Իրանը կուտակել է բարձր հարստացված ուրան այն քանակությամբ, որը բավական կլինի տասը միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար»։ Երրորդ տարրը նախկին վարչապետը համարում է հենց նման հարված հասցնելու հրեական պետության ունակությունը, իսկ չորրորդն այն է, որ Իսրայելն այժմ նման գրոհի համար արդարացում ունի։