Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ աշխատակիցների գործողություներից ու անառակաբարո արարք կաարելու մեղադրանքով ֆիզիկայի ուսուցչին կալանավորելուց հետո կրքերը չեն հանդարտվում։

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դպրոց են այցելել մի շարք ծնողներ, որոնք լսել են, որ տնիօրենին ուզում են փոխել, եւ եկել են իրենց բողոքը հայտնելու դրա դեմ: Այս որոշման դեմ են նաեւ ուսուցիչները:

Ռուսաց լեզվի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պատճառը, թե ինչու այսօր մեր տնօրեն Անահիտ Վլադիմիրովնան տնօրեն չի, բոլորդ գիտեք, որովհետեւ վարչական աշխատակազմի տարիքային խումբը սահմանափակում ունի: Հիմա լսել եմ, որ դպրոցին անծանոթ մեկին բերում են տնօրեն:

Մենք ունենք մեր թեկնածուն եւ կարիք չունենք օտար թեկնածուի կարիքը: Մեր թեկնածուն ամբողջովին համապատասխանում է բոլոր կետերին՝ ժամանակավոր պաշտոնակատար դառնալու համար: Ինչ՞ւ պետք է գա օտար մարդ, եթե մենք ունենք մեր թեկնածուն:

Սա ցնցում է  ցնցումի հետեւից: Այն, ինչ կատարվեց հինգշաբթի օրը, դրանից մի քանի օր անց երկրորդ ցնցումն է։ Մի քիչ շատ է  էլի: Ես այս երկուսի միջեւ տրամաբանական կապ եմ տեսնում: Այդպես չի լինում, որ հինգշաբթի նման ձեւով ներխուժեն դպրոց, ու անմիջապես լինի երկրորդ ցնցումը»,-ասաց նա:

Ուսուցչուհին նշեց, որ ուրբաթ առավոտյան մի մարդ առողջապահության կամ ԿԳՄՍ նախարարությունից չի եկել իրենց հարցնելու՝ թե ինչ է եղել, ո՞նց են, ինչո՞վ կարող են օգնել։

«Դուք գիտե՞ք, թե ինչքան են մեր հոգեբաններն աշխատել երեխաների հետ։ Չթողեցին, որ մենք շողուլի գանք, շաբաթ երեկո էլ իմանում ենք, որ երկուշաբթի մեզ նոր անակնկալ է սպասվում»,-ասաց Իրինա Ոսկանյանը:

Նշենք, որ որպես դպրոցի տնօրենի պաշտոնակատարի թեկնածու շրջանառվում է Քրիստինե Դումանյանի անունը, որի ամուսինը ԱԱԾ-ում է աշխատում։

Ակնկալվում է, որ այսօր տնօրեին ներկայացնելու են կոլելտիվին։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, ով մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: