Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին՝ արտակարգ իրավիճակներում ընդհանուր 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորության մասին, ըստ ТАСС-ի՝  Համառուսաստանյան սակագնային համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է «Интер РАО»-ի խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան։

«Այո, դիմել ենք երկու երկրի՝ Ադրբեջանին, և հարցրել ենք Վրաստանին մատակարարելու հնարավորության մասին։ Դիտարկում ենք ներկրման հնարավորությունը և հարցում ենք արել երկու հարևան երկրի էներգահամակարգերի հնարավորությունների վերաբերյալ՝ վթարային ռեժիմներում մատակարարելու համար»,- նշել է նա։

«Եթե վթարային ռեժիմներ լինեն,  Համակարգի օպերատորի խնդրանքով կդիմեինք երկու էներգահամակարգերի՝ Վրաստանին և Ադրբեջանին, որ ձեռքի տակ պահեն, և պատրաստ լինեն մեզ 300-ական ՄՎտ էլեկտրաէներգիա մատակարարելու»,- հավելել է Պանինան:  

Ըստ նրա՝ ընկերությունը Վրաստանից և Ադրբեջանից դեռ պատասխաններ չի ստացել։

Ռուսաստանի Դաշնությունը կփորձի բավարարվել առանց էլեկտրաէներգիայի ներկրման, բայց արտակարգ իրավիճակների դեպքում միգուցե դիմի հարևան երկրների էներգետիկ համակարգերին, պարզաբանել է Պանինան։