Ռուսաստանը չի միանա Իրանի դեմ էներգետիկ էմբարգոյին: Այս մասին Դոհայում հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:
Նա պարզաբանել է, որ չկա նման անհրաժեշտություն. քանի որ Ռուսաստանն ինքն է հանդիսանում նավթի ու գազի խոշոր արտահանող: Ըստ այդմ, Ռուսաստանը չի օգտագործում իրանական էներգակիրներ եւ ապագայում էլ չի պատրաստվում ներկրել իրանական նավթ:
Շմատկոն նշել է, որ այդ էմբարգոն քաղաքական բնույթ է կրում եւ կոչ է արել ձեռնպահ մնալ էներգետիկ հարցերի քաղաքականացումից: «Առանձին հարցերում մենք առավելագույն չեզոք դիրքորոշում ենք որդեգրում»,- ասել է նա:
Ավելի վաղ ԵՄ-ի էլեկտրաէներգետիկայի հարցերով գերագույն հանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտնել է, որ ԵՄ երկրները կոնսենսուսի են հասել Իրանի դեմ նավթային էմբարգո կիրառելու հարցում: Նրա խոսքով, այդ էմբարգոն պետք է միավորի ոչ միայն ԵՄ երկրներին, այլեւ մյուս խոշոր նավթ արտահանող երկրներին, այդ թվում ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, գրում է RBK-ն:
Շատ մասնագետներ նշում են, որ իրանական նավթի էմբարգոյի շուրջ վերջնական համաայնության կայացումը շատ բարդ է, քանի որ շատ եվրոպական երկրներ մեծ կախում ունեն այդ նավթից, հատկապես Լիբիայից նավթի ներկրման դադարեցման եւ Սիրիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցների ֆոնին:
Հիշեցնենք, որ 2011-ի նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Կանադան միակողմանի պատժամիջոցներ են կիրառել Իրանի նկատմամբ, որոնք վերաբերում են Իրանի տնտեսության էներգետիկ եւ ֆինանսական սեկտորներին: Ֆրանսիան էլ առաջարկել է սառեցնել Իրանի կենտրոնական բանկի ակտիվները, նաեւ դադարեցնել Իրանից նավթ գնելու պրակտիկան:



























