Առաջին անգամ չէ, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր վերջին հանդիպումը:

«Սա որեւէ կերպ մեզ չի շեղում եւ չի շեղելու մեր ռազմավարությունից՝ համբերատար, ակտիվ կերպով աշխատել օր առաջ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար:

Ընդ որում, մենք արդեն կարող ենք ասել, որ ունենք պատմության մեջ առաջին անգամ իրավական փաստաթուղթը՝ կնքված երկու երկրների միջեւ: Դա հստակ պատկերացում է տալիս երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանչման մասին, նաեւ հետագա սահմանազատման մասին: Ինձ մնում է միայն կոչ անել մեր հարեւաններին ավելի կառուցողական ներգրավվել բանակցություններում»,- հայտարարեց նա: