«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանի հատվածական սահմանազատման հարցով «լոլոներ կարդալը»։
Պատգամավորը հիշեց, որ երկու օր առաջ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երկար քննարկում է ունեցել՝ կապված սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հետ։
«Բազմաթիվ հարցեր են տրվել և բարձրացվել են մտահոգություններ: Ընդհանուր առմամբ, թեման վերջին երեք-չորս ամիսների ընթացքում մեծ ուշադրության ու մտահոգության է արժանացել։ Սակայն, այսօր ՔՊ պատգամավորները հաստատեցին կանոնակարգը։
Ես ուզում եմ այս հարցը բարձրացնել, որպեսզի մեր հանրությունը հասկանա, թե ինչ է կատարվում, ինչ է ստորագրվել։ Մասնավորապես, կետ հինգերորդ։ Երբ խոսքը վերաբերում է հատվածական սահմանազատմանը։ Այսինքն՝ Տավուշի օրինակով հետագայում հնարավոր է մեր կողմից տարածքների զիջում։ Մեր զինվորները նահանջելու են, ադրբեջանցի զինվորները զբաղեցնելու են նրանց տեղը, և այս ամենն առանց հասկանալու, թե ինչ է լինելու ամբողջ պարագծով։ Այսինքն՝ այն դեպքերում, երբ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն, նրանք դա չեն անի, գործընթացը կանգ կառնի, և մենք կհայտնվենք մի իրավիճակում, որ տվել ենք, բայց չենք ստացել այն, ինչ պետք է։ Հիմա ո՞րն է Ադրբեջանի նկատմամբ կույր հավատի պատճառը։ Արդյո՞ք դա արցախցիների նկատմամբ իրականացված ցեղասպանություն է։ Մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի պահանջնե՞րը։ Կամ այն, որ այստեղ հանձնաժողովների կանոնակարգի քննարկումներին զուգահեռ նրանք այնտեղ խոսում են «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» մասին, նրանք այսպես են անվանում Հայաստանը։ Ի՞նչ պատասխան կտաք ՀՀ քաղաքացիներին, երբ սկսեն իրագործվել այդ սպառնալիքները»,- հարցրեց Լեւոն Քոչարյանը։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը հավատարիմ է որոշակի ռազմավարության, այն է, որ ընդհանուր առմամբ անվտանգության ոլորտում հիմք պետք է լինի լեգիտիմությունը, և «մենք հետևում ենք այս ռազմավարությանը»։
«Այն, ինչ այսօր վավերացրել է Ազգային ժողովը, կարծում եմ, որ մենք պետք է պատշաճ գնահատենք այս իրադարձությունը, քանի որ դա շատ կարևոր իրադարձություն է։ Դրանով մենք հայտարարել ենք Հայաստանի Հանրապետության օրինական սահմանների սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն»,- ասաց Փաշինյանը՝ պարզության համար ցույց տալով հանրապետության մակետը։
«Գիտե՞ք ինչու ես սկսեցի ռազմավարությունից: Ընդգծելու համար, որ թե Հայաստանի ներսում, թե դրսում կլինեն տեսակետներ ու կարծիքներ, որոշակի միտումնավոր գործողություններ՝ մեզ շեղելու այս ռազմավարությունից։ Բայց մենք չենք շեղվելու մեր ռազմավարությունից։ Եվ, միևնույն ժամանակ, մենք հաշվի կառնենք և կլսենք բոլոր հնարավոր փաստարկներն ու մտահոգությունները։ Եվ պետք է փաստեմ, որ վավերացված կանոնակարգը նախատեսում է մտահոգությունների լուծման բոլոր մեխանիզմները։ Ընդհանրապես, պետք է փաստեմ նաև, որ կանոնակարգով սահմանվում է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլև սահմանազատման գործընթացն ավարտվում է սահմանի ամբողջական սահմանազատմամբ։ Այլ կերպ լինել չի կարող։ Այսինքն՝ յուրաքանչյուր տարածք պետք է սահմանազատվի, սա պետք է արձանագրվի՝ հետագա գործընթացներ իրականացնելու համար։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շրջանում՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում, կրկնում եմ՝ տարբեր գնահատականներ կան։ Իմ գնահատականն այն է, որ դա մեծ և նշանակալի հաջողություն էր, առաջին հերթին, անվտանգության ոլորտում, որովհետև հիշեք, թե ինչպես էին բոլորն ասում՝ «ինչպես են երեխաները դպրոց հաճախելու»: Տավուշի մարզի Կիրանց գյուղի երեխաները դպրոց են հաճախում հաճույքով, ապահովության զգացումով, իսկ Կիրանց գյուղում դպրոց գնալը վերջին 35 տարիների ընթացքում ավելի ապահով չի եղել, քան այսօր, և մենք ցանկանում ենք շարունակել խնդրի լուծումը, նույն իրավիճակը ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ սահմանազատման արդյունքում Կիրանց գյուղի դպրոցի հայտնվել է սահմանին և ադրբեջանական դիրքին շատ մոտ տարածքում։
Արձագանքելով ասվածին, Լևոն Քոչարյանը նշեց, որ Փաշինյանը կարող է շատ բան ցանկանալ, կարելի է հավատալ կամ չհավատալ. «Գործողությունները, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում։ Բայց հիմա ես խոսում եմ կոնկրետ բանի մասին, մի փորձեք շփոթցնել: Կանոնակարգում հստակ ասվում է, որ սահմանազատումն իրականացվում է հատվածներիով, փոփոխությունները «գետնի վրա» անցկացվում են առանց վերջնական համաձայնության (նկատի ունի համաձայնություն սահմանի ողջ պարագծով)։ Եթե, օրինակ, հաջորդ տարածքը դառնա Տիգրանաշենը, և հայ զինվորները նահանջեն։ Հետո հերթը հասնի Ջերմուկին, որտեղ ադրբեջանական ուժերն արդեն գտնվում են մեր ինքնիշխան տարածքում, և նրանք պարզապես չեն նահանջում։ Գործընթացը դանդաղում է։ Բայց փաստորեն և՛ Տավուշում, և՛ Տիգրանաշենում մենք հետ քաշվեցինք։ Ի՞նչ ենք մենք պատրաստվում անել նման իրավիճակում։ Հասկանալի է, որ մինչև վերջ չեն ստորագրում։ Բայց դուք արդեն հանձնել եք այն, ինչ պահանջվում է։ Եվ այստեղ պետք չէ լոլոներ կարդալ։ Ես կխնդրեմ ձեզ կոնկրետ լինել»:
Փաշինյանն արձագանքեց՝ ասելով. «Ես հասկանում եմ, որ «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որ դուք կարդացել եք, բայց կանոնակարգում տեղ գտած մեխանիզմները բոլորովին չեն համապատասխանում ձեր նկարագրած մեխանիզմներին։ Եվ պետք չէ ամեն անգամ «Կիկոսի մահվան» նման սցենարներ նկարել։ Վարչապետն իր ելույթը զարդարեց նշված հեքիաթի առաջին տողի շարադրանքով, որից հետո վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է թափանցիկ։ «Իսկ այն, ինչ դուք նկարագրում եք՝ հղում անելով կանոնակարգին, ձեր մեկնաբանությունն է, բայց կա կանոնակարգի հանրությանը հասանելի տեքստ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին, մենք շարունակելու ենք հետամուտ լինել այս պետական շահերին, այն տրամաբանությունը, որը ես նշել էի ավելի վաղ»,- եզրափակեց Փաշինյանը։











