Ոչինչ չի խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բացի Ադրբեջանի կամքի բացակայությունից։ Այս մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Հայաստանի դիրքորոշումը, ըստ նրա, չի փոխվել. Հայաստանը հայտարարել է նախապես համաձայնեցված կետերի շրջանակներում համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։

«Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված հոդվածներով, որոնք, մեր գնահատմամբ,  համոզմամբ, ամբողջությամբ պատասխանում են այն հարցերին, թե  որոնք պետք է լինեն հիմնարար սկզբունքները, որով պետք է կարգավորվեն հարաբերությունները, նաև վստահություն  մթնոլորտ ձևավորելու և գործընթացում առաջ շարժվելու հնարավորություն է տալիս»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։