Ոչ-ոք լրջորեն չի վերաբերում առաջիկա երկու տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով լուծման Ադրբեջանի հնարավորության հավանականությանը, քանի որ դա կարող է աղետ դառնալ բոլորի համար։ Ադրբեջանական «Ազադլըգին» այս կարծիքն է հայտնել, Վաշինգտոնի Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի փորձագետ Թոմաս Դե Վաալը։

Պատասխանելով հարցին, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ժամանակավոր անդամի ընտրությունը կարո՞ղ է ամրապնդել Ադրբեջանի դիրքերը ղարաբաղյան հակամարտության բանակցություններում, Վաալը պատասխանել է. «Որոշ չափով այո, քանի որ Ադրբեջանի համար դա ղարաբաղյան հարցով ելույթ ունենալու պլատֆորմ է։ Բայց, եթե խոսքը գնա ավելի նշանակալի հարցի մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, որոնք միաժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, միանշանակ կարող են վետո կիրառել  ՄԱԿ-ի միջոցով խաղաղ բանակցությունների ընթացքում փոփոխություններ կատարելու փորձերի նկատմամբ»,- ընդգծել է փորձագետը։