Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարություններ է արել և հատուկ ուշադրություն է դարձրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Հոկտեմբերի 18-ին Թուրքիան տարածաշրջանային «3+3» հարթակի հանդիպման շրջանակում ընդունել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներին:

«Տեսնում ենք, որ այս հարթակը պատասխանում է կարևոր պահանջմունքներին: Ձգտում ենք դրան ինստիտուցիոնալ կառույց վերագրել»,-հայտարարել է Էրդողանը։

Ըստ նրա՝ Ղարաբաղի ադրբեջանական օկուպացումից հետո Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար «եզակի հնարավորություն» ստեղծվեց։

«Մենք ուշադիր հետևում ենք այս ուղղությամբ եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերին։ Եկել է աննախադեպ ժամանակ կայուն խաղաղության հասնելու համար: Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- ընդգծել է նա։