Vkontakte սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը խոստովանել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) պահանջում է արգելափակել ընդդիմադիր խմբերը:

Դուրովի հետ ունեցած նամակագրությունն իր բլոգում հրապարակել է Էդուարդ Կոտը` «ՌոսՊիլ-կոռուպցիոն պատերազմ -Ալեքսեյ Նավալնի» խմբի մոդերատորը, տեղեկացնում է РБК-ն:

Դուրովը գրել է, որ վերջին օրերին ԱԴԾ-ն խնդրում է արգելափակել ընդդիմադիր խմբերը, ներառյալ նաեւ դա, բայց ցանցի ադմինիստրատորները սկզբունքորեն դա չեն անում: Նա նշել է, որ  Vkontakte-ն 100 տոկոսանոց ապաքաղաքական ընկերություն է: Նրանք չեն հարում ո’չ իշխանությանը, ո’չ ընդդիմությանը, ո”չ էլ ինչ-որ կուսակցության:

«Չգիտեմ, թե սա մեզ համար ինչպես կավարտվի, բայց մենք հաստատակամ ենք»,- գրել է Դուրովը` նշելով, որ  ընդդիմադիր խմբերը չեն արգելափակում, բայց բռնության կոչ անող օգտատերերին արգելափակել են եւ շարունակելու են արգելափակել:

Հիշեցնենք, Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Մոշկովը առաջարկել է արգելել ինտերներային անանուն հաղորդագրությունները: