Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը նշել է, որ տարածաշրջանի ընթացիկ դեպքերը արաբական աշխարհը կմոտեցնեն ժողովրդավարական քաղաքական համակարգին եւ կծառայեն Լիբանանի շահերին: Այս մասին գրում է լիբանանյան «The Daily Star»-ը:
Հայաստան գալու նախօրեին հայկական հեռուստաալիքին տված հարցազրույցում Սուլեյմանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները չեն կարողացել քաղաքական փոխակերպումներին կողքից նայել, որոնք աշխարհում տեղի են ունենում գլոբալիզացիայի հետեւանքով:
«Արաբական երկրները չեն կրող այդ փոխակերպումներից եւ գործընթացներից անմասն մնալ... Արաբական աշխարհում ներկայումս անցում է կատարվում ժողովրդավարությանը եւ Լիբանանի կողմից կիրառվող համակարգին, քանի որ այն ժողովրդավարության երկար տարիների փորձ ունի», -ասել է Սուլեյմանը:
Լիբանանի նախագահը նաեւ նշել է, որ արաբական աշխարհի փոփոխությունները պետք է նաեւ գրավված Պաղեստինի իրավիճակին վերաբերեն. «Արաբական աշխարհում ժողովրդավարություն ունենալը բավարար չէ, պետք է նաեւ պաղեստինյան պայքարին լուծում տրվի... Նրանց իրավունքների վերականգնմանը ինքնավար Պաղեստինում»,- ասել է Սուլեյմանը:
NOW Lebanon կայքի տեղեկացմամբ` Միշել Սուլեյմանը բարձր է գնահատում Լիբանանում հայերի ունեցած դերը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացմանը` նոր համաձայնագրերի ու արձանագրությունների ստորագրման եւ քաղաքական փոխադարձ աջակցության ամրապնդման միջոցով », -ասել է նա հայկական հեռուստաալիքին:
Նշենք, որ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը կնոջ հետ այսօր ժամանել է Հայաստան` նախարարներից եւ պատգամավորներից կազմված պատվիրակության ուղեկցությամբ:




























