4 տարվա ընթացքում մենք դժվարին ճանապարհ ենք անցել՝ պատերազմ, հետպատերազմյան շրջան, ճգնաժամ, տարերային աղետ, էթնիկ զտումներ (Լեռնային Ղարաբաղում- խմբ.), մեր հայրենակիցները հեռացել են իրենց տներից, եւ մենք իրականացրել ենք նախագծեր նրանց համար։ Այս մասին «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային կոնֆերանսում նոյեմբերի 5-ին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ շնորհավորելով սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առիթով։
«Մենք կարողացանք պատվով հաղթահարել այդ բոլոր մարտահրավերները։ Սոցիալական պաշտպանության համակարգը ձեռք բերեց իմունիտետ տարբեր ճգնաժամերին օպերատիվ արձագանքելու համար, եւ սա մեր հայրենակիցների գործունեության արդյունքն է, ոչ միայն պետական մարմինների։
Միջազգային գործընկերները, հետաքրքրվելով Հայաստանում փախստականների ճամբարների տեղով, չէին հավատում, որ 120 հազար մարդ (Լեռնային Ղարաբաղից- խմբ.) կարճ ընթացքում ստացել է ժամանակավոր, իսկ հետո մշտական բնակարան։ Դա հնարավոր դարձավ շնորհիվ մեր քաղաքացիների, մեր գործընկերների աջակցության»,- նշել է նախարարը։




























