2024թ. ինն ամիսներին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրի ծավալը հասել է 2,08 մլրդ դոլարի՝ ավելանալով 34,7 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 12-ին «Չինաստանի արդիականացումը. հայ-չինական հարաբերությունները» կոնֆերանսում ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։

Նա ավելացրել է, որ Չինաստանն արդեն մի քանի տարի շարունակ պահպանում է իր դիրքերը որպես Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը։

Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է բարձր տեխնոլոգիաների զարգացումը, եւ Չինաստանը մի շարք առավելություններ ունի Երեւանի հետ այդ ոլորտում համագործակցելու համար։ «Մենք ուրախ ենք տեսնել Հայաստանում Չինաստանից ներկրված էլեկտրական մեքենաներ։ Սա ընդամենը մեկ ոլորտ է։ Այլ հեռանկարային ուղղություններ կարող են դառնալ էներգետիկայի նոր աղբյուրները, արհեստական բանականությունը, կենսաբժշկությունը, թվային էկոնոմիկան, ենթակառուցվածքները»,- ընդգծել է նա։

Չենը վստահություն է հայտնել, որ ուղիղ ավիաչվերթների գործարկումը եւ վիզային ռեժիմի ազատականացումը երկու երկրների միջեւ  համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռեն տարբեր, այդ թվում մշակույթի ոլորտներում։

«Հայ-չինական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, եւ մենք պատրաստ ենք շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում (Կազան) Չինաստանի նախագահ Սի Ծինփինը առաջին անգամ 2019-ից հետո հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը»,- նշել է դիվանագետը։